Էլեկտրական շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս քաղաքացիներն էլի ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք. վարչապետ

2023-ի նոյեմբերին ԵՏՀ խորհրդի որոշմամբ 2024 և 2025 թթ. համար ՀՀ-ն ստացավ 8000-ական էլեկտրամոբիլ 0 տոկոս մաքսատուրքով ներմուծելու հնարավորություն: 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Կառավարությունը որոշում ընդունեց 2024 թվականի համար նախատեսված 8000 մեքենայից բաշխել 7400-ը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 600-ը պահել, որպեսզի այն ընկերությունները, որոնք դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրի հիման վրա են կատարում ներմուծումներ պաշտոնական ներկայացուցիչներից, կարողանան անխոչընդոտ ներմուծում իրականացնել: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախորդ տարիներին երբևէ 8000 էլեկտրամոբիլի շեմը չի մոտեցել անգամ վերջնակետին: Երբեմն անգամ տարիներ են եղել, որ մի քանի տասնյակ մեքենաներ են ներմուծվել, սակայն այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն 7400 մեքենաների սահմանաչափն ամբողջությամբ ավարտվել է, և կարիք կա 600-ը նորից բաշխելու:

Սակայն նաև վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ մեքենաների 71,4 տոկոսը ֆիզիկական անձինք են ներմուծում, և 28,6 տոկոսը միայն՝ իրավաբանական անձինք, և հիմա էլ այն մեքենաները, որոնք սպասում են, որ 0 տոկոսով մաքսազերծվեն, բացարձակ մեծամասնությամբ հենց ֆիզիկական անձանց են պատկանում: Առաջարկում ենք 600 սահմանաչափի հնարավորությունը ևս բացել, այսինքն՝ այդ 600-ից ևս մեր քաղաքացիներն օգտվեն այն նույն կարգով, ինչ 7400-ը: Այսինքն՝ նա, ով ավելի շուտ է ներմուծում մեքենան, նա էլ, ըստ հերթականության, կարող է օգտվել այս առաջարկից»,- ասաց Պապոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել, ապա հիշեցրեց՝ նախկինում կայացվել էր որոշում, որ ԱԱՀ չի գանձվի էլեկտրամոբիլի ներմուծման պարագայում, ու քանի որ ԵԱՏՄ-ն է մաքսային օրենսդիրը, ԵԱՏՄ ֆորմատով է մաքսային օրենսդրությունն իրականացվել, և սահմանվել է 8000 քվոտա, որն արդեն սպառվել է:

«Քվոտան սպառվելուց հետո քաղաքացիներն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ ներմուծելիս էլի ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, որովհետև նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո արտոնյալ միջավայրն էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար չի վերանում, չի զրոյանում, այսինքն՝ միայն մաքսատուրքի մասով է, որը վերպետական խնդիր է:

Չգիտեմ՝ հետագայում ԵԱՏՄ ձևաչափով քննարկման առիթ թերևս կունենանք, բայց նույնիսկ դրանից հետո արտոնյալ միջավայրը չի վերանում, և քաղաքացիները կշարունակեն ԱԱՀ-ից ազատված ռեժիմով ներկրել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ»,- ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ էլեկտրամոբիլների մասով ՀՀ-ն ևս մեկ լուրջ արտոնություն ունի, քիչ երկրների շարքում է, որ ուտիլիզացիոն տուրք չի սահմանել. «Էլետրական մեքենաների ուտիլիզացիոն ծախսերն ավելի բարձր են, քան սովորական մեքենաներինը: Բայց, այնուամենայնիվ, արտոնյալ երկրների շարքում մենք ամենաշատ արտոնություններն ունենք, որպեսզի էլեկտրամոբիլների թիվը և շահագործումը մեծանան Հայաստանում»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ անդրադարձավ քվոտայի հերթերից օգտվելու պայմանին. «Նախնական հայտարարագրերը որևէ կերպ չի նպաստելու հերթն առաջ բերելուն, այսինքն՝ որ մեքենաներն առաջինը կհասնեն մաքսային ձևակերպումների սրահ (հիմնականում դա Գյումրի քաղաքն է), և առաջինն էլեկտրոնային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը կգրանցեն, իրենք են օգտվելու քվոտայից, և մենք խստորեն կպահպանենք, որ հերթի կառավարման առումով որևէ խնդիր չառաջանա»:

Հիշեցնենք՝ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print