Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան: Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել է Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն իրականացնելիս: Նրանք անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են ապօրինի շահագործվող «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով: Մեքենան քարշակման միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Միջոցներ է ձեռնարկվում՝ վարորդին և փայտանյութի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print