Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանի խոսքով՝ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:
«Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,-ասաց նա:
Ազատյանը պատմեց, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր: Ըստ հնագետի՝ Շատին-Եղեգիս գյուղի միջակայքում գտնվել է մի ժայռածածկ փոքր քարայր, որտեղ գետնի մակերեսից հայտնաբերվեցին օբսիդիանից քարե գործիքներ, որոնց տիպաբանական վերլուծության արդյունքում պարզվեց, որ կարող է լինել քարե դարի փուլին պատկանող հնավայր։
Ազատյանը հավելեց, որ խումբը տեղում մեկ մետր խորությամբ փոսորակ է բացել և հայտնաբերել բավական հարուստ ոսկրաբանական նյութ` քարե գործիքներ, մոխրաշերտեր:
«2021 թվականին նյութն ուղարկեցինք Գերմանիա` ռադիոածխածնային վերլուծության, և այս տարի պատասխանը եկավ, որ գտածոները թվագրվում են Ք.ա. 4000 տարվա: Էնեոլիթյան ժամանակաշրջանի հետ կապված մեր ենթադրությունները ճիշտ դուրս եկան»,-պատմեց Ազատյանը:
Նա նշեց, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր: