ԵԱՏՄ համաձայնագրի արդյունքում Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. ՊԵԿ նախագահի տեղակալ

ԱԺ հերթական քառօրյա նիստին քննարկվում է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Մուրադյանի խոսքով՝ նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։

ՊԵԿ նախագահի տեղակալ կարևորեց նախագիծն այն առումով, որ կապարակնիքներում նախատեսված տեղեկատվության առկայության դեպքում հնարավոր կլինի «Վերին Լարսի» անցակետում ավելի արագ անցնել ձևակերպումները։

«Այսինքն` ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը»,–ասաց Մուրադյանը՝ հավելելով․ «Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները»։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ:

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` համաձայնագրի լիարժեք կատարման համար ԵԱՏՄ հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի։

Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանի հետ նախագիծ ունեն, որ կապարակնիքներով ապրանքները կարողանան Վրաստանի միջոցով տեղափոխվեն այլ երկրներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print