Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների անվտանգությունն ու խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն

Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում, մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու խաղաղ մանկությունը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նոյեմբերի14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում Արցախի պետնախարարն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել այս տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին:

Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը, քննարկել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print