«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա

Երևանի «Փյունիկն» իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։ Այս մասին տեղեկացնում է նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

«Լուսանկարում «Փյունիկի» արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում։ Ինչքան հասկացա, հիմնականում տեղափոխվել են «Նոա»: Տեղափոխության համար «Փյունիկը» ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով։

Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկում» ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ։ Նրանց մուտքը, ինչպես տեսնում եք նկարում, արգելված է ակումբի մարզաբազա։ Անկեղծ, չգիտեմ, թե ինչպես է ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ այս խայտառակությունը շատ շուտ կվերացվի։

Գիտեմ, որ այս գրառումը կարդալու են նաև մարդիկ, ովքեր որոշման հեղինակներն են։ Նման քայլը դեմ է ցանկացած նորմերի և պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։ Լիովին նորմալ է՝ ակումբի ապագան հարցականի տակ լինելու կամ թեկուզ այլ պատճառով ֆուտբոլիստ հեռանա ակումբից։ Դա ֆուտբոլիստի որոշումն է և ոչ մի ֆուտբոլիստ հավատարմության հավիտենական երդում չի տվել ոչ մի ակումբի։ Շատ հետաքրքիր կլինի լսել նաև «Փյունիկի» ֆան ակումբի կարծիքն այս հարցի վերաբերյալ»,- գրել է Մկրտչյանը։

© https://shamshyan.com/hy/article/2024/10/15/1271280

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print