Այսօր մոլորակի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 միլիարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Աննա Հովհաննիսյանը հավելեց նաև, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։
«Մենք այսօր սիմվոլիկ կերպով ընտրել ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատունը։ Մենք մեր կողմից որոշել ենք, որ Հայաստանում պետք է ծնվի 8-միլիարդերորդ երեխան։ Դա խորհրդանշական ընտրություն է, որը բնավ չի նշանակում, թե այդ երեխան է երկիր մոլորակի 8-միլիարդերորդ երեխան»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։
Աղբյուրի փոխանցմամբ` աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է։
Հավելենք, որ 2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին և կկազմի 14 մլրդ մարդ։
Ըստ կանխատեսումների` այդ թվաքանակը կպահպանվի մինչև 2100 թվականը, որից հետո բնակչության թվաքանակը կսկսի նվազել։
Ըստ հետազոտությունների` երկիր մոլորակի բնակչության թվաքանակը գնալով աճում է կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով։ Եթե 20 տարի առաջ մարդկանց կյանքի միջին տևողությունը 60-65 տարեկանն էր, 2019 թվականին` 72, ապա ակնկալվում է, որ 2050 թվականին կյանքի տևողության միջին տարիքը կլինի 77 տարեկան։