Անթալիայում կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել, տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 7 միավորով դարձյալ երրորդ տեղն է զբաղեցրել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ոսկե մեդալի արժանացած ֆրանսիացի շախմատիստին նա զիջել է ընդամենը կես միավորով:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալին արժանացել է Բենիկ Աղասարովը:
Մ18 տարեկան աղջիկների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էր աշխարհի Մ18 տարեկանների և Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մարիամ Մկրտչյանն այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։



