ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առնչությամբ սպասում է իրավապահների արձագանքին՝ հասկանալու համար, թե անառակաբարո գործողություններ կատարելու համար մեղադրվող ֆիզիկայի ուսուցչի ձերբակալության ժամանակ ինչ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել երեխաների իրավունքների տեսանկյունից։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, քանի որ առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է։ Այնուամենայնիվ, ըստ նախարարի, երեխաների միջավայրում պետք է հաշվի առնել, թե ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ գործողությունը։

Հիշեցնենք՝ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է:

«Ինքներս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված։ Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձնապես կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան, ապա բացահայտվեն և մինչև վերջ այդ իմաստով օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերն արվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print