Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳՆ

Հաշվի առնելով Գազայի ճգնաժամի տարածման վտանգը` Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում թուրք գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան հղում անելով ՏԱՍՍ–ին։

«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», – ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում:

Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Գազայի հատվածում և Լիբանանում անհապաղ հրադադար հաստատելու օգտին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն։ Իսրայելցի զինվորականները հայտարարեցին, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ Ըստ Իսրայելի իշխանությունների` հրթիռակոծության հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդ է մահացել, որը ենթադրաբար պաղեստինցի է (Գազայի հատվածից):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print