Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊԸ-ի՝ պետությանը պատճառված 160 մլն դրամ վնասը վերականգնվել է պետական բյուջե

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

«Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխող խեղաթյուրված տվյալներ:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՍՊ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 157.904.403 դրամ:

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 159.246.151 դրամի չափով գումար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print