Հայաստանը COP-29-ին մասնակցելու որոշում դեռ չունի. ԱԺ նախագահ

Դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, որի անդամ ենք: Որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է գնալ, թե ոչ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին, թե Հայաստանը չի՞ զղջացել, որ աջակցել է Բաքվում COP-29-ի անցկացմանը, ասել է. «Չէ, ո՞նց․ գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան, բա չհամաձայնեի՞նք, ինչ է՝ մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար։ Իհարկե, ո՛չ»:

Ինչ վերաբերում է COP29-ին Հայաստանի մասնակցությանը, Սիմոնյանը նշել է, որ որոշում չկա․ դեռ պետք է քննարկեն. «Համենայն դեպս, COP29-ի հրավերը և մասնակցությունը Ադրբեջանի մենաշնորհը չէ․ դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, որի անդամ ենք: Որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է գնալ, թե ոչ»,- ասել է նա։

«Ինձ հետաքրքրում է պահվող 23 անձանց հարցը, խաղաղության պայմանագիրը և, կարծում եմ, Ադրբեջանը պատմական շանս ունի՝ ինչ դեմքով ու այցեքարտով է հանդես գալու: Կօգտվի, թե չի օգտվի, այլ հարց է»,- ասաց ԱԺ նախագահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print