Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանին կտրամադրի $24․5 միլիոն՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ $122․7 միլիոնի:
ԱՄՀ զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է, իրական ՀՆԱ-ն տարվա առաջին կիսամյակում աճել է 6․5%-ով՝ պայմանավորված ներքին պահանջարկով։ Զբաղվածության աճը կայուն է եղել, 2023 թ․-ի սկզբից սկսած միջինը կազմելով 19%, իսկ գնաճը ցածր է պահպանվել՝ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով 0․6%։
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թ․ բյուջեի շրջահայաց կատարումը մինչեւ 2024 թ․ սեպտեմբերը ներառյալ հանգեցրել է ընդհանուր բյուջեի փոքր պակասուրդի։
«Կառավարության պարտքը մնում է չափավոր՝ 2023 թ․ վերջին կազմելով ՀՆԱ-ի 48․4%-ը։ Բանկային համակարգը շարունակում է ունենալ կապիտալի եւ իրացվելիության ամուր բուֆերներ, ինչպես նաեւ բարձր շահութաբերություն։ Վերջին մի քանի տարիների բարձր աճի տեմպը շարունակում է աստիճանաբար նորմալանալ, ընդ որում սպասվում է, որ 2024 եւ 2025 թթ․ ՀՆԱ-ի աճը կհասնի համապատասխանաբար 6 եւ 4․9%-ի՝ ներքին սպառման եւ արտաքին պահանջարկի դանդաղմանը զուգահեռ։ Սպասվում է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կպահպանվի եւ միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ գնաճի թիրախին»,- ասվում է ԱՄՀ վերլուծության մեջ: