Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին:
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին:
«Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 75 միլիոն եվրո գումարի չափով»,- ասաց ֆինանսների նախարարը:
Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի Կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը և մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն և ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հաշվի առնելով վարկի բնույթը՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման ընդհանուր կարիքի բավարարմանը:
«Նշեմ, որ «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ պակասուրդը կազմում է 482,9 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
«Վարկի գումարը տրամադրվելու է մեկ մասհանման հայտով: Մասհանման վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 26-ն է, տոկոսադրույքը կարող է ընտրվել լողացող կամ ֆիքսված»,- տեղեկացրեց Վահե Հովհաննիսյանը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց նախարարին՝ խնդրելով պարզաբանել, քանի որ բյուջետային պակասուրդը իրականում կազմում է շուրջ 1 միլիարդ եվրո:
«Մենք 75 միլիոնը ներգրավում ենք, իսկ մնացածի մասին ի՞նչ կանխատեսում ունենք և ի՞նչ ծրագիր ունենք, որպեսզի պակասուրդն ամբողջությամբ կարողանանք ծածկել»,- հարցրեց Բագրատյանը:
«Դուք ճիշտ եք, մեր պակասուրդը կազմում է 483 միլիարդ դրամ, և «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված են նաև այն ուղենշային համամասնությունները, որով մենք ֆինանսավորելու ենք այս պակասուրդը: Դրա մի մասը ֆինանսավորվում է արտաքին վարկեր ներգրավելու միջոցով: Ասիական զարգացման բանկից ենք վարկ ներգրավելու, մնացած մասը ֆինանսավորվում է տեղական արժույթով՝ դրամով, պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելու միջոցով: Սրանք են այն հիմնական երկու աղբյուրները, որով ֆինանսավորվում է մեր բյուջեի դեֆիցիտը»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը: