Մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 մլն դրամ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված ապացուցողական անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործունեության ընթացքում տնտեսվարողի կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 402.380.387 ՀՀ դրամի վնաս։

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։ Նախաքննության ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 135.000.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print