Գնաճի մակարդակը մնում է բավական բարձր՝ մոտ 9 տոկոս։ Ելնելով սրանից՝ Կենտրոնական բանկը պետք է առաջարկի բարձր տոկոսադրույքների քաղաքականություն՝ ջանալով վերադառնալ գնաճի օրենքով սահմանված 4 տոկոսանոց մակարդակին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում է news.am-ը։
Նախարարի խոսքով՝ նշված ցուցանիշին պետք է հասնել գոնե հաջորդ տարվա վերջին։
«Այդ քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական սեկտորին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները։ Դրանք կմնան հասանելի, հատկապես այն տնտեսական նախագծերի համար, որոնք բարձր շահութաբերություն ունեն եւ կարող են հաղթահարել աճող ֆինանսական ծախսերը»,- ասել է Խաչատրյանը։
Նախարարն անդրադարձել է նաև արտաքին միջավայրի հետ կապված մարտահրավերներին՝ ընդգծելով, որ տնտեսական աճի էկոլոգիական ռիսկերը Հայաստանի հիմնական արտահանական շուկաներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոգոտում եւ ԱՄՆ-ում, մնում են բավական բարձր։
«Կանխատեսվում է, որ, օրինակ, 2023թ. ընթացքում ռուսական տնտեսությունը կկրճատվի 2,3 տոկոսով, Եվրոգոտու տնտեսական աճը կկազմի ընդամենը 0,5 տոկոս, Չինաստանինը՝ 4,4 տոկոս, ԱՄՆ-ինը՝ 1 տոկոսի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, տնտեսական աճը հաջորդ տարի կկազմի ընդամենը 2,7 տոկոս, ինչն ավելի ցածր է ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից»,- ասել է Խաչատրյանը։
Վերջինս, սակայն, նշել է, որ կանխատեսվում են նաեւ դրական փոփոխություններ։ Դրանց թվում են սննդամթերքների համաշխարհային գների իջեցումը, լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացումը փոխադրումների միջազգային շուկաներում, ինչպես նաեւ դրանց գների իջեցումը։