Օրենքի նախագծի նպատակը ապրանքների մատակարարման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի պարտադիր նշելու, ինչպես նաև հսկիչ (նույնականացման) նշանով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում այդ փաստաթղթերում հսկիչ նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության լրացման պահանջի սահմանումն է: Այս մասին ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է կատարել երկու հիմնական փոփոխություն:
Նախագծի կարգավորման առարկան օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի, հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր լրացման պահանջի սահմանումն է:
Նախագծի ընդունման արդյունքը ապրանքների մատակարարման գործարքների մասով հարկային հսկողության արդյունավետության բարձրացումն է:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունները խնդիրներ կարող են առաջացնել տնտեսվարողների համար, քանի որ ԱՏԳ կոդ որոշելը բարդ խնդիր է, և կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ:
«Իհարկե, ԱՏԳ ծածկագրերի որոշումը ամենապարզ ու հեշտ խնդիրը չէ, բայց կցանկանայի նշել, որ արտահանման-ներմուծման գործառույթների ժամանակ, հայտարարագրման ընթացքում ապրանքները հայտարարագրվում են ԱՏԳ 10-անիշ կոդով: Հարկային օրենսգրքի համաձայն՝ ՀԴՄ կտրոններով վաճառքներ իրականացնելիս 24 միլիոնը գերազանցող շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար նախատեսված են քառանիշ ծածկագրեր՝ ապրանքների և ծառայությունների համար: Մենք այս որոշմամբ սահմանում ենք, Կառավարությանը տալիս ենք լիազորություն, որ սահմանի կարգը, ժամկետները, հերթականությունը և, բնականաբար, չենք նախատեսում 10-անիշ կոդեր, այլ, հավանաբար, կլինեն քառանիշ կամ վեցանիշ, որին, ըստ էության, հարկ վճարողների գերակշիռ մասն արդեն պատրաստ է»,- պարզաբանեց Մուրադյանը: