Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս ակցիզային հարկ կսահմանվի

Առաջարկվում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաև նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին: Այդ հավելանյութերը որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես բենզին: «Դա շատ վատ որակի բենզին է, ուղղակի այս ապրանքատեսակի համար ակցիզային հարկ սահմանված չէ: Առաջարկում ենք սահմանել այդ հարկատեսակը, որ պահպանվի ապրանքի նպատակային նշանակության առումով ակցիզային հարկի սահմանման կարգավորումը»,- ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումները` նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Որոշակի հիդրավլիկ, արգելակման և այլ հեղուկներ օգտագործվում են որպես քսայուղ: Քսայուղի համար սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափեր, սակայն վերոնշյալ ապրանքատեսակները չեն համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ: Դրանք ևս առաջարկվում է ներառել այդ ցանկում:

Նյութերի ու հավելանյութերի համար առաջարկվում է սահմանել բենզինի համար նախատեսված դրույքաչափերը` 43.600 դրամ յուրաքանչյուր տոննայի համար, իսկ արգելակման, հիդրավլիկ ու այլ հեղուկների համար` քսայուղի համար նախատեսվածը` մեկ կիլոգրամի համար 550 դրամ: Առաջարկվում է պահպանել նաև բենզինի համար հաշվարկման գործող կանոնը:

Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող յոթերորդ ամսվա մեկից, քանի որ հարկման նոր օբյեկտներ են սահմանվում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Մտքերի փոխանակության ընթացքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ նախագծի իրական նպատակը սպառողի իրավունքների պաշտպանությունն է: «Շատ տնտեսավարողներ բերում են ինչ-որ նյութեր, որոնք ակցիզային հարկ գրեթե չունեն կամ սիմվոլիկ ակցիզային հարկ է, ձևակերպում են հավելանյութ, այնուհետև որպես բենզին վաճառում վարորդներին: Այս փոփոխությամբ հավելանյութեր ներկրելու ակցիզային հարկը հավասարվում է վառելիքի ակցիզային հարկին: Այդ ռիսկը, որ կբերեն անորակ ու էժան ապրանք, կվաճառեն բենզինի անվան տակ, մեքենաները շարքից կհանեն, փորձում ենք վերացնել»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print