Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը ճիշտ ուղի է դեպի խաղաղության պայմանագիր՝ Կազանում «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման, սահմանների սահմանագծման գործընթացը սկսվել է, սա իսկապես ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնաժողովների կանոնակարգերը վավերացնելուց հետո կկարողանան ակտիվացնել սահմանների սահմանազատման գործընթացը։
ՌԴ ղեկավարը նաև դրական է գնահատել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ լոգիստիկ նախագծեր մշակել։
Հայաստանի խորհրդարանը նախօրեին վավերացրել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։ Վավերացումից հետո փաստաթուղթը կուղարկվի նախագահին՝ ստորագրության, և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը հրապարակել էր Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին դրույթների վավերացման նախագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները սահմանազատման գործընթացում կօգտագործեն բոլոր քարտեզները, ինչպես նաև փաստաթղթերը, որոնք իրավական հիմք ունեն։ Կանոնակարգը կազմված է հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պետք է վավերացվի նաև Ադրբեջանի կողմից։