Ադրբեջանցիները սահմանն անցած 14 կովից 12-ը վերադարձրել են․ Խնձորեսկի բնակիչ

Ադրբեջանցիները Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչ Գարիկ Մանգասարյանի 14 կովից 12-ը վերադարձրել են, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց անասնատերը։

Նրա խոսքով՝ իր կասկածները տեղին էին, որ հոկտեմբերի 10-ին արատովայրից անհետացած կովերն անցել էին Ադրբեջանի սահմանը։ Գարիկ Մանգասարյանի տեղեկացմամբ՝ հայ սահմանապահները կարողացել են բանակցել ադրբեջանցիների հետ և վերադարձնել իր խոշոր եղջերավոր անասուններին։ Մանգասարյանը, սակայն, չգիտի՝ որտեղ են մյուս 2 կովերը։

«Մի քանի օր որոնումներից հետո ԱԱԾ հայ սահմանապահներն ինձ հայտնեցին, որ կովերն իսկապես անցել են Ադրբեջանի սահմանը։ Հայ սահմանապահները կարողացան բանակցել, կովերին հետ բերել, բայց 2-ին այդպես էլ չճարեցին, ադրբեջանական կողմը չի տվել, ասել է՝ մեզ  մոտ չեն, էդքանն է եղել իրենց մոտ։ Բայց ես կասկածում եմ, որ իրենց մոտ է»,- մանրամասնեց Խնձորեսկի բնակիչը։ Չնայած դրան՝ գոհ է, որ մյուսներին վերադարձրել են։ «Երկու կովերը որ չեն տվել, ես մոտ 1 մլն 100.000 դրամի վնաս եմ կրել․ մեկ կովը մոտ 550.000 դրամ է։ Հայ սահմանապահները գոնե կարողացան 12-ը հետ բերել։ Ադրբեջանցիները մի քանի անգամ մերոնց ասել էին, որ իրենց մոտ չի»,- նշեց Գարիկ Մանգասարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գարիկ Մանգասարյանը Factor.am-ին տեղեկացրել որ, իր 14 կովը հոկտեմբերի 10-ին արոտ էին գնացել ու չէին վերադարձել։ Անասնատերը կասկածում էր, որ կովերն անցել են սահմանը, քանի որ խոշոր եղջերավորների հետքերը սահմանային հատվածում էր նկատել։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print