Հայաստանը չի ցանկանում պատերազմ հրահրել ՀԱՊԿ-ի և Ադրբեջանի միջև, ՀՀ վարչապետ Փաշինյանը, սակայն հուսով է, որ կառույցը կպաշտպանի դիրքորոշումը և կարձանագրի, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ-ն ունի հստակ դիրքորոշում՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Եվ, ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանի այս դիրքորոշմանը:
«Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը հստակ պետք է պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում այս կոնսեսուսը կարձանագրենք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ, մենք ասում ենք, թե քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակին ի՞նչ է»,- ասաց Փաշինյանը:
Թե ՀԱՊԿ-ն ինչ քաղաքական դիրքորոշում է արձանագրում այս իրավիճակի հետ կապված, Հայաստանի համար չափազանց կարևոր է: Ըստ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունների ապագայի նկատմամբ կախված է հենց այդ դիրքորոշումից: