Հայաստանում պաշտոնապես գրանցված շուրջ 51.000 գործազուրկների մեջ կանանց թիվը բավականին մեծ է` շուրջ 64 տոկոս։ Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Մկրտչյանը կարևորեց հնարավոր բոլոր միջավայրերի ստեղծումը՝ կանանց տնտեսական զարգացումն ապահովելու համար։
«Նախարարության գենդերային ռազմավարության ծրագրային դրույթների առաջնահերթությունների մեջ երրորդը կանանց սոցիալ–տնտեսական զորեղացման ապահովումն է, բոլոր ծրագրերում հավասար հնարավորությունների ապահովումը։ Այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով` այժմ գործարկել են «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» ծրագիրը, որը կանանց բիզնես – հմտություններն է զարգացնում, աջակցում փոքր և միջին բիզնեսին։
Գերատեսչության ղեկավարը հույս ունի, որ ծրագրի արդյունքները գոհացուցիչ կլինեն և այն ավելի լայնամասշտաբ կկիրառվի։