ՀՀ առաջին նախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ, հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Մուսինյանի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։

«Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար: Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները», – նշել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը։

Հանդիպմանը ներկա է եղել առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Հանդիպման մասին X-ի իր էջում գրել է նաև Ֆրանսիայի դեսպանը՝ նշելով. – «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ պատվի արժանացրեց՝ ինձ ընդունելով Հայաստանի իրավիճակի և մեր երկու երկրների միջև հարաբերությունների շուրջ մտքեր փոխանակելու համար»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print