Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ ժամը 3.23-ին իր բանկային քարտից գումար է փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկի կայք. հափշտակվել էր 110 հազար դրամ:Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարել էր տուժածի համաքաղաքացի 19-ամյա մի երիտասարդ՝ մոր անվամբ բացած խաղային հաշվի միջոցով: Երիտասարդը, որ ոչ միայն հարևան էր, այլև՝ ազգական, արդեն օգտագործել էր գումարը»,-նշվում է հաղորդագրությունում:
Երիտասարդը ձերբակալվել է, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: