ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է․ հրապարակվել է խոշոր հարկատուների ցանկը

Հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83 մլրդ 668  մլն դրամի հարկ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) ավելի քան 31 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83 մլրդ 668  մլն դրամի հարկ։ ԶՊՄԿ-ն երկրորդ եռամսյակում եւս առաջին հորիզոնականում էր եւ վճարել էր 64 մլրդ դրամի հարկեր:

Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն արդեն գերազանցել է 2023թ․ ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,881,967 հազար դրամ)։

Այս ընկերությունը 2021-ից սկսած մշտապես գլխավորել է խոշոր հարկ վճարողների ցանկը: (Առավել մանրամասն՝ աղյուսակում):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ կորիզոնականում է «Մոբայլ Սենթր Արթը»` ավելի քան 49 մլրդ դրամ վճարված հարկերով: Այս ընկերությունը 2024–ի երկրորդ եռամսյակում կրկին երկրորդ հորիզոնականում էր` ավելի քան 32 մլրդ հարկերով։

Ցանկի երրորդ տեղում «Գրանդ Տոբակոն» է, որը վճարել է ավելի քան 39 մլրդ դրամ հարկ: Նա 2024–ի երկրորդ եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում 4–րդն էր:

Խոշոր հարկատուների ցանկում 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 36 մլրդ դրամի հարկային մուտքերով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում երրորդ հորիզոնականում էր` ավելի քան 27 մլրդ դրամով։

5-րդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է, որը վճարել է ավելի քան 27 մլրդ դրամի հարկեր:

6-րդ տեղում «Ամերիաբանկն» է, որը վճարել է ավելի քան 20 մլրդ հարկեր։ Նա 2024 թ. երկրորդ եռամսյակում կրկին 6-րդ հորիզոնականում էր:

Ցանկի 7-որդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որը բյուջե է վճարել 14,7 մլրդ դրամի հարկեր:

9-րդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14,5 մլրդ հարկային մուտքերով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ դրամի հարկեր է վճարել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print