Մոսկվան չի միջամտել. Կրեմլը՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանը դեմ ուղղված մեղադրանքներին՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության հետ։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք շատ երկրների համար ստանդարտ են դարձել, գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության համար։ Ո՛չ, դա ճիշտ չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։

«Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահը (Սալոմե Զուրաբիշվիլի – խմբ.) ասաց, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է ճանաչել կամ չճանաչել ընտրությունները: Ամեն դեպքում, այս ամենը ներքին վրացական խնդիր է»,- ասել է Պեսկովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print