Շարունակվում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը։

2021-24թթ. մենք մեկնարկել են և ընթացքում են գտնվում 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2025թ. պետական բյուջեի նախնական ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ կապիտալ ծախսերն ուղղվելու են մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը, ապա ընդգծեց, որ շարունակում են իրականացնել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«1991թ․-ից մինչև 2017թ․ Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, դրանց մեծ մասը՝ աղետի գոտում։ 2021-24թթ. մենք մեկնարկել են և ընթացքում են գտնվում 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ։ Միայն 3 տարում ծավալն ահռելի է, ավելին, քան նախորդ 25 տարվա ընթացքում, ինչը, բնականաբար, լուրջ կարողությունների զարգացման և այս ծրագրերի շարունակական որակական բարելավման խնդիր է դնում»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ 223 կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող դպրոցներից 183-ը դպրոցների նոր շենքերի կառուցում է. «Սա էլ է կարևոր, որ մենք հիմնական շեշտադրումը դնում ենք ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են այն չափանիշներին, որոնք կարևոր են սեյսմակայունության և ներառական միջավայրի համար։ Արդեն իսկ աշխատանքները ավարտված են 35 դպրոցներում»,- ասաց նախարարը և շեշտեց, որ 223 դպրոցների աշակերտների թիվը կազմում է 72 հազար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print