ՀՀ–ում օտարերկրացիների թիվը նվազել է, աշխատավարձերի շուկան սկսել է սառչել. Գալստյան

Հայաստանում օտարերկրացիների կողմից ապրանքների և ծառայությունների սպառումն, ըստ նախնական դիտարկումների, սկսել է նվազել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Դա, ըստ նրա,ավելի շուտ ընդհանուր բնույթի ենթադրություն է, քանի որ Հայաստանում ռուս ռելոկանտների թվաքանակի գնահատականները երկար ժամանակ չեն արվել (իսկ ժամանումների և մեկնումների պաշտոնական տվյալներից պարզ չէ, թե ով և ինչ ժամկետով է մնում)։

«Հնդկաստանի քաղաքացիների դեպքում մենք ինքներս չենք կարող մինչև վերջ հասկանալ. որոշ աղբյուրներ պնդում են, որ նրանց թիվը 16–ից նվազել է մինչև 11 հազար, մյուսները՝ 50–ց մինչև 30 հազար։ Այդ նվազման ազդեցությունն ինչպիսին էլ լինի աշխատաշուկայի վրա, մենք չենք տեսնում, քանի որ մեզ հայտնի չէ, թե նրանցից ով է ուսանող, ով է գործարար, ով՝ վարձու աշխատող»,– ավելացրեց Գալստյանը։

Այս տվյալների հիման վրա, սակայն, ԿԲ նախագահը եզրակացնում է, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների թիվը նվազել է, ինչը նշանակում է, որ նվազել է ապրանքների և ծառայությունների պահանջարկը հատկապես հանրային սննդի, հանգստի, զվարճանքի ոլորտներում։ Պահանջարկի նվազումը հանգեցրել է նաև այդ ոլորտներում աշխատավարձերի նվազման։

2022–23 թթ. ռելոկանտների ներհոսքով և նրանց պահանջարկի ազդեցությամբ այս ոլորտներում աշխատավարձերն աճել են շատ ավելի շատ (20–25 %–ով), քան գները (6–7 %–ի սահմաններում)։ Դա ազդել է երկրում ընդհանուր գնաճի վրա։ 2024 թ. օգոստոսի դրությամբ ծառայությունների ոլորտում գնաճը կազմում է 3 %, իսկ աշխատավարձերի աճը՝ 5.9 %: Հետևաբար, աշխատաշուկայում «գերտաքացումը» նվազում է։

Այնուամենայնիվ, կենտրոնական բանկը նշում է, որ երկրում տնտեսական ակտիվությունը (2024 թ. երրորդ եռամսյակի տվյալներով) շարունակում է ավելի բարձր մնալ, քան ՀՆԱ–ի պոտենցիալ աճը։ Հետևաբար, ըստ Գալստյանի, եթե տնտեսության խթանմանն ուղղված պետական միջոցառումները մասշտաբային լինեն, կարող են կրել գնաճի ռիսկեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print