Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց, տեղեկացնում է news.am-ը:
Որոշման համաձայն՝ «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև կնքած համաձայնագրով կողմերը Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով նախատեսում են Ներքին Խնձորեսկ գյուղում կառուցել թվով 6 բնակելի տներ՝ 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են վերը նշված թվով 6 բնակելի տների կառուցման և դրանց սպասարկման նպատակով առանձնացված ընդհանուր 0.7233 հեկտար մակերեսով 6 միավոր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել (օտարել) «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Հավելենք, որ ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «տների կառուցում» ծրագրի մասին» N758-Ա որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական: