Կադրային փոփոխությունները՝ հունվարից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։ Դա առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նա ստացել է կառավարման լայն լիազորություններ. եթե Արտակ Բեգլարյանը պետնախարարի պաշտոնում 5 ոլորտ էր ղեկավարում, ապա Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ են բոլոր նախարարությունները, բացի ուժայիններից, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր բոլոր մարմինները, մինչեւ անգամ ԱԳՆ-ն, որն Արցախի քաղաքական շրջանակները նոնսենս են համարում, քանի որ պետության գլուխն է արտաքին քաղաքականությունը որոշում։

Լուրեր կան, որ Վարդանյանը չի շտապում մի քանի պատճառներով, թեպետ ի սկզբանե ցանկացել է իր մարդկանց նշանակել գերատեսչությունների ղեկավարներ եւ Հայաստանից է փորձել մարդ հրավիրել, սակայն Արցախում նրան հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի։ Կարող է 1-2 հայաստանցի ներգրավել կառավարության կաբինետում, բայց ոչ ավելին։ Հիմա նա չի շտապում, որ «թշնամիների» բանակ չձեւավորի իր դեմ։ Ասում են, թե որոշել է՝ ով պետք է լքի, ով մնա, ոմանց էլ ժամանակ է տվել՝ գուցե կարողանան իր հետ համագործակցել։

Ամեն դեպքում,  կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց։ Մեզ ասացին նաեւ, որ կա պայմանավորվածություն, որ ինչ-որ փուլից նաեւ ուժային կառույցներն են անցնելու Վարդանյանի վերահսկողության տակ։ Արցախում այլեւս չեն կասկածում, որ սահուն իշխանափոխության գործընթաց է սկսվել, եւ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունները դանդաղ պատվիրակում է Վարդանյանին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print