Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Վրաստանում «ժողովրդավարական հետընթացի» և երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ես խորապես անհանգստացած եմ երկրում վերջերս տեղի ունեցած ժողովրդավարական հետընթացից, ներառյալ ռուսական նմանօրինակ օրենքների ընդունումը, որոնք սահմանափակում են հիմնական ազատությունները և կրճատում տարածությունը քաղաքացիական հասարակության անկախ մարմինների համար», – ասում է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նշում է, որ «Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները ստվերվել են վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելով և հարկադրելով»:
«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ արտահայտել իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք միջազգային և ներքին անկախ դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել բոլոր ընտրախախտումների վերաբերյալ, չեղարկել այնպիսի օրենքներն, ինչպիսիք են, այսպես կոչված, «արտաքին ազդեցության մասին օրենքը», որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունները, և անհապաղ ներառական երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների ամբողջականության վերականգնման վերաբերյալ», – հայտարարել Է Բայդենը:
Ամերիկացի առաջնորդը կոչ է անում բոլոր կողմերին «խստորեն հարգել օրենքի գերակայությունն ու հիմնարար ազատությունները, որոնք շարունակում են հիմք հանդիսանալ Վրաստանի եվրատլանտյան ապագայի համար»: