Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռատարներն երթևեկեն Շամբ-Լծեն ճանապարհահատվածով. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1 մլրդ 235 մլն դրամ տրամադրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհաշինության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՏԿԵ նախարարի խոսքով այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։

«Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print