Կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Այս նախագիծը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում էր ընդգրկված։

«Ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի համաձայն՝ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

«Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս օրենսդրության համաձայն` հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեն թողարկել 2023 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ կհայտնվեն նոր տեսակի կենսաչափական անձնագրեր»,-նշվում է նախագծում։

Իշխանությունները ցանկանում են ավելացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման ծավալները՝ ընդլայնելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման հնարավորությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print