2024 թվականի մնացած ժամանակահատվածում և 2025-ին սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։
Առաջիկայում, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես կծանուցեն միմյանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հույս ունի, որ 2024 թվականի մնացած ժամանակահատվածում և 2025-ին սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։
Խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին՝ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմից վերջին առաջարկը եղել է գործընթացն արագացնելու, հնարավորինս շուտ ստորագրման տեսքով էական արդյունք ունենալու համար, համաձայնեցված կետերով ստորագրել. «Դատելով ադրբեջանական կողմի հրապարակային արձագանքներից, շփումների ընթացքում, մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։
Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաեւ համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա անհիմն համարեց ադրբեջանական կողմի պնդումը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ:
«Մենք այդ թեզը համարում ենք կատարելապես անհիմն: Որպես շատ հզոր ապացույց մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ-ն կանոնակարգի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրեց, որ Ալամաթիի հռչակագրի հիման վա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է Ալամաթիի հռչակագրով նախանշված սահմանազատումը սահամանադրական է, այդ սահմաններից այն կողմ Հայաստանը չունի որևէ տարածքային պահանջներ։ Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր այդ կարգի մտահոգությունները»,- ասաց Միրզոյանը։