Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտային հատկացումները կկազմեն ավելի քան 250 մլրդ դրամ։ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտային հատկացումները՝ այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցների մեծ մասը հատկացվում է կրթության ոլորտին: Մասնավորապես՝
- 1,6 մլրդ դրամի հավելավճարներ կտրամադրվեն գյուղական համայնքներում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչներին, որոնց վարձատրությունն անկախ տարիֆիկացիոն ծանրաբեռնվածությունից կհաշվարկվի 1 դրույքի չափով,
- 2,9 մլրդ դրամի լրացուցիչ հավելավճարներ կտրամադրվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչներին՝ խրախուսելով նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնելով առկա թափուր տեղերը,
- փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում կվերանայվի բազմահամակազմ դպրոցների սկզբունքը՝ տարբեր դասարանների երեխաների ուսումնառությունը միավորելով միայն արվեստի և ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին: Նմանօրինակ դպրոցներում աշխատող ուսուցիչներին 1 դասաժամի համար կտրամադրվի 50 կամ 70 տոկոսի չափ հավելավճար՝ կախված դասարանների թվից: Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզից,
- 4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների հավելյալ վարձատրության համար,
- 2,07 մլրդ դրամ կհատկացվի 100 դպրոցներում ժամանակակից ուսումնական լաբորատորիաների ձեռքբերմանը:
- Կընդլայնվի հայագիտական կենտրոնների ցանցը, գիտական ոլորտում ներդրում կկատարվի մի քանի հիմնական ուղղությամբ, կնորոգվեն թանգարանները, կկառուցվեն մարզադպրոցներ։