Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորման (պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ) նպատակով բյուջեով նախատեսվել է շուրջ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից շուրջ 89 մլն 469 հազար եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման սույն գործընթացը։
Ենթածրագիր 2-ը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝
- հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում և ամրապնդում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրում
- պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում
- ֆինանսական գործիքների և ներդրողների բազայի ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում: