Ապրանքների նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ․ վարչապետ

Աշխարհագրական ծագումնաբանությունը, ապրանքների նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ, օրինակ, այս վերջերս ենք արձանագրել, որ շամպայնը ոչ թե հենց ի սկզբանե խմիչք է եղել, այլ ռեգիոնի աշխարհագրական անուն է, նույնն էլ՝ կոնյակը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա է պատճառը, որ մինչև այսօր մենք բազմապիսի խնդիրներ ունենք, երբ ասում ենք՝ շատ ուղղություններով արտահանման խնդիր ունենք, այդ խնդիրների մի մասը կապված է այս երևույթի հետ:

Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից: Նույնն էլ կոնյակը, որը ռեգիոնի անուն է և որը վերաբերում է այն բրենդիին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում արտադրված խաղողից»,- բացատրեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առանց այսպիսի հարցերի հետ առերեսվելու, դրանց լուծում տալու հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ:

«Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիան չեն և ասում են՝ մենք կոնյակ ենք արտադրում, ասում են՝ բա գիտեք՝ մենք ինչ կոնյակ ունենք, դա կողքից քմծիծաղ է առաջացնում, որովհետև դա նույնն է, երբ միջպետական մակարդակում ասում ենք՝ «Դիլիջանի ջերմուկ չունեք»: Սա շատ խայտառակ բան է, մենք չենք հետազոտում, թե ուրիշները ոնց են ընկալում»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print