ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ:
«Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ:
52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չժխտեց, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում` իր ծանոթից: Իրավապահներն արդեն գիտեին ծանոթի ինքնությունը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հայտնաբերվեց ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվեց նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվեց բաժին:
Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց խուզարկություն. հայտնաբերվեցին 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: