Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, որը պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ ոք երկար ճանապարհ չէր անցնի, և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։

Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գ քաշով զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print