«Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» կունենա նոր հասցե

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հաջորդ տարվանից կգործի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Երեկ Մեծ Բրիտանիայից Հայաստան էր եկել լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կենտրոնի անձնակազմին անձամբ փոխանցել, որ կունենան նոր հասցե։ Մինչ բռնի տեղահանությունը՝ վերականգնողական կենտրոնը գործում էր Ստեփանակերտում։

«Բռնի տեղահանությունից հետո մենք այստեղ հիմնադրեցինք «Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, շարունակեցինք մեր առաքելությունը, քանի որ դրա անհրաժեշտությունը կար հատկապես Հայկազովի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար: Մինչ օրս էլ տնայցեր ենք կազմակերպում, օգնում ինչով հնարավոր է։ Տասնյակ քաղաքացիներ դեռևս պայքարում են ապաքինման և վերականգնման համար»,- MediaHub-ին ասում է կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը։ 

Արցախում վերականգնողական կենտրոնը գործել է շուրջ 25 տարի, այդ ընթացքում անձնակազմը կանգնել է ժողովրդի կողքին, ընդունել ու ճանապարհել տարբեր տարիքի հարյուրավոր քաղաքացիների։ Այժմ,  կենտրոնը վերածնվում է արդեն նոր հասցեում՝ Մայր հայրենիքում։ 

«Եղվարդի Նար-Դոսի 44 հասցեում հատկացված շենքում պետք է կատարվեն վերանորոգման-վերակառուցման, մոնտաժման ու հարդարման աշխատանքներ, որպեսզի այն հարմար ու մատչելի լինի վերականգնման փուլում գտնվող մեր հայրենակիցներին»,- ընդգծեց Թադևոսյանը։ 

Երեկ «Վերածնունդ» խորագրով միջոցառմանը Քերոլայն Քոքսի ներկայությունը՝ իր անվան վերականգնողական կենտրոնի անձնակազմի համար դարձել էր ևս մեկ հաղթանակի ու վերածննդի խորհրդանիշ:

Հունան Թադևոսյան

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print