Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 10-րդ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին`ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
«Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից` կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով: Մտքեր են փոխանակվել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ: Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի 9-րդ հանդիպումը կայացել է մայիսի 15-ին։ Կողմերն այդ ժամանակ համաձայնեցրել էին անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը։