Նշվում է, որ 2025 թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար գործող «40+10 հազար» աջակցության ծրագիրը կգործի մինչև 2025 թվականի ապրիլ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2025 թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի`
այն անձանց, որոնք փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
63 և ավելի տարեկան են,
ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
մինչև 18 տարեկան երեխա են։
Ապրիլից կփոխվի նաև տրամադրվող գումարի չափը։ Մինչև հունիսը ներառյալ վերոհիշյալ կետերին համապատասխանող անձինք կստանան 40,000 դրամ, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր՝ 30,000 դրամ:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։