Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահը։
Ուրախ եմ արձանագրել, որ թե՛ ֆինանսների նախարարության, թե՛ ՊԵԿ-ի գնահատականներով՝ ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, և մեր գնահատականներով՝ 2022 թվականի հիմնական հարկատեսակների գծով (դրանք են ԱԱՀ-ն, շահութահարկը, եկամտահարկը) ճեղքը կազմել է ՀՆԱ-ի 3,06 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0,5 տոկոսային կետով: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Ընդ որում՝ 2023 թվականի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 24,1 տոկոսը, նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 1 տոկոսային կետով, և սա տեղի է ունեցել տնտեսական գործոնների և վարչարարության բարելավման արդյունքում: Այստեղ դրույքաչափերի բարձրացում չունենք: Այս առումով նույնիսկ ունենք բացասական դինամիկա 0,4 տոկոսային կետով, այսինքն՝ մեր բոլոր բարելավումները տեղի են ունենում տնտեսության գործոնների դրական ազդեցությամբ և վարչարարության բարելավման արդյունքում:
Հատկանշական է նաև, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2022 թվականի 22,6 տոկոսից 2025-ի արդյունքներով կկազմի 25 տոկոս: Այսինքն՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախին կհասնենք»,- ասաց Բադասյանը:
Հարցուպատասխանի շրջանակում ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև շրջանառվող այն թեզին, թե ՊԵԿ-ը, կախված տվյալ տարվա բյուջետային վիճակից, կա՛մ առավել կոշտ վարչարարություն է իրականացնում, կա՛մ առավել մեղմ:
«Մեր երկրում, ցավոք սրտի, ստվերն այնքան վառ արտահայտված է, որ մենք տվյալ տարվա բյուջետային ակնկալիքներին չենք նայում: Այսինքն՝ թե՛ անցած տարի, երբ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 1 տոկոսով, թե՛ այս տարի, երբ ավելի մեծ անվանական աճ էինք ակնկալում տնտեսության (բայց, կարծես, մի փոքր ավելի կրկին լավ, բայց ավելի համեստ ցուցանիշներ ենք սպասում), մեր գործը չի փոխվում, որովհետև ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում, և մեր պարտականությունն է ոչ միայն ֆիսկալ առումով խնդիրներ լուծել, այլ եթե մենք մեր վարչարարությունը չիրականացնենք այլ ոլորտներում և ակտիվ չպայքարենք ստվերի դեմ, դա նաև տարբեր շուկաներում խաթարում է մրցակցությունը:
Մեր խնդիրը միայն ֆիսկալը չէ, մենք տարբեր խնդիրներ ունենք, այդ թվում՝ Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշներին հասնելը, ուստի այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակական է լինելու, շարունակական են լինելու նաև մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումները»,- ասաց նա: