«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Շեն» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացված «Պտղաբուծության զարգացում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի 5-ամյա փուլի փակման հանդիսավոր արարողությունը կայացավ նոյեմբերի 16-ին, տեղեկությունը փոխանցում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականին շվեյցարական HEKS – Hilfswerk der Evangelisch-reformierten Kirche Schweiz կազմակերպության օժանդակությամբ,որի նպատակն այս երկու մարզերի տնտեսություններին օժանդակելն էր՝ ստանալու լրացուցիչ եկամուտ մի կողմից ավելի շատ և ավելի որակով միրգ արտադրելու և իրացնելու, մյուս կողմից՝ ավելացված արժեքով արտադրանք թողարկելու՝ չոր մրգեր, սառնարանային տնտեսությունների, հյութերի արտադրության միջոցով։
Ծրագրի շրջանակում Վայոց ձորի երկու տնկարանային տնտեսություններ օժանդակություն են ստացել արտադրելու ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան ավանդական և ինտենսիվ պտղատու տնկիներ, հարյուրավոր այգեգործներ մասնակցել են պտղաբուծության վերաբերյալ կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների՝ ֆերմերային խմբերը օժանդակություն են ստացել հիմնելու չրանոցներ, սառնարանային տնտեսություններ, կոմերցիոն այգիներ կամ բարելավել ու ընդլայնել են արդեն իսկ ստեղծված տնտեսությունները։
Փակման միջոցառմանը ներկա էին ծրագրի աջակից կազմակերպության ներկայացուցիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Վայոց Ձորից ու Գեղարքունիքից ինչպես նաև ծրագրի շահառուները, մարզի այգեգործներ, ֆերմերներ։