ՀՀ վարչապետը մասնակցել է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին

Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին, որն ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն թեմաներից մեկն է: «Բնականաբար, յուրաքանչյուր կառավարության և հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն, և իհարկե, սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսել սոցիալական արդարության ամենահիմնարար, ամենակարևոր գործոնի մասին, որն ըստ վարչապետի՝ նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար: «Իմ կարծիքով,- և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները,- սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել: «Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում: Չթերագնահատելով Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը սոցիալական արդարության, աշխատանքի ոլորտներում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի:

Վարչապետը խոսել է նաև հայեցակարգային այն ընկալումների մասին, որոնք փորձ են արվում ներդնել վարվող քաղաքականությունների մեջ: «Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր ընկալմամբ, պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց, քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, ավելի արտադրողական և մեծ հաշվով՝ ավելի մրցունակ աշխատանքի շուկայում, ասել է, թե սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև սոցիալական այն խմբերին, որոնց դեպքում վերոնշյալ բանաձևն օբյեկտիվ պատճառներով չի կարող գործել, օրինակ՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող սոցիալական խմբերը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններն ուղիղ կապ ունեն նրա հետ, թե ինչքանով է սոցիալական արդարության ոլորտում վարվող քաղաքականությունն արդյունավետ, այսինքն՝ հանրությունը որպես ամբողջություն ինչքանով է էֆեկտիվ աշխատում, ինչքանով է արդյունք ձևավորելու, և ի վերջո՝ հարկեր, պետական եկամուտներ գեներացնելու:

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաժողովի շրջանակում քննարկվող հարցերը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի հյուրերի աջակցությամբ հնարավոր կլինի ավելի կոնկրետացնել, ճշգրտել այս հարցերին Կառավարության պատասխանների տարբերակները, ձևակերպումներն ու ըմբռնումները:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և հաջողություն մաղթել համաժողովին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print