Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ են հիմնվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՕՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Հաղորդագրության համաձայն՝ լաբորատորիաների հիմնումը, ինչպես նաև դպրոցների մասնակի վերանորոգումն ու վերազինումը իրականացվել են ՀՕՖ-ի «Սիսիանի տարածաշրջանում Արցախից տեղահանվածներին աջակցություն» ծրագրի շրջանակներում։
«2021-ին մեկնարկած ծրագիրն աջակցում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ապաստանած արցախյան երկրորդ պատերազմից տուժածներին նոր բնակարաններով ու հումանիտար նախաձեռնություններով, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական ակտիվացմանը՝ այդ թվում ներդրումներ անելով այսօր երեխաների ապագայի համար»,-ասվում է հաղորդագրությունում։
ՀՕՖ-ը նաև ապահովել է Սիսիանի տարածաշրջանի 4 դպրոցների ֆիզիկա դասավանդող բոլոր ուսուցիչների մասնակցությունը թեմատիկ դասընթացներին՝ լաբորատորայի նոր սարքավորումներին ու նյութերին ծանոթանալու ու հմտությունները աշակերտներին փոխանցելու նպատակով։ Նրանք նաև ստացել են մեթոդական ձեռնարկներ՝ այդ սարքավորումները հավուր պատշաճի կիրառելու համար։
«Մեր նպատակը բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների ուշադրությունն ու վերաբերմունքը փոխելն է, քանի որ հիմա, առավել քան երբևէ, այս առարկաները շատ կարևոր են։ Հորդորում եմ մեր աշակերտներին, որ հումանիտար ուղղություններից զատ ուժերը փորձեն ու ավելի ակտիվանան նաև բնագիտական ուղղություններով, իսկ ՀՕՖ-ը կանի առավելագույնը՝ բուհ ընդունվածներին կրթավճարային ծրագրերով աջակցելու համար», — ողջույնի իր խոսքում նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։