Սյունիքում սկսված է էկոպարեկության գործընթացը․ նախարար

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 3.7 մլրդ դրամով ավելացել է, որը հիմնականում պայմանավորված է էկոպարեկային ծառայության ներդրմամբ։

2025 թ. ՀՀ–ում առաջին անգամ կանձնագրավորվեն բնության հուշարձանները։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Այդ նպատակով 16.8 մլն դրամ կհատկացվի` անձնագրավորելու ՀՀ–ում գտնվող շուրջ 230 բնության հուշարձանները։

«Մարզ առ մարզ հիմա ուսումնասիրություն ու գույքագրում ենք անում` հասկանալու հուշարձանների վիճակը։ Ունենք հուշարձաններ, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են»,– նշեց նա։

Անդրադառնալով 2025 թ. նախարարության բյուջեին` Հակոբ Սիմիդյանն ավելացրեց, որ այն 3.7 մլրդ դրամով ավելացել է, որը հիմնականում պայմանավորված է էկոպարեկային ծառայության ներդրմամբ։

Ի դեպ, նախարարը տեղեկացրեց նաև, որ Սյունիքում երեկվանից արդեն իսկ սկսված է էկոպարեկության գործընթացը, և արդեն իսկ ընդունվում են աշխատանքի ընդունման հայտեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print