Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են 360մ երկարությամբ թունելի հորատման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։ Այդ մասին հաղորդել են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։
Ճանապարհն անցնում է ՀՀ 5 մարզով և Երևանով։ Այս ճանապարհից տարեկան օգտվում է մոտ 1.5 մլն մարդ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա հայ արտադրողների համար բարելավել շուկաների հասանելիությունը և էապես մեծացնել երկրով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։
Հիմնադրամի նպատակն է նպաստել անդամ երկրների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը։