Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն:
Նոյեմբերի 5-ին ողերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում երիտասարդ տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ու պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է:
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնաղական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել.
«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։