Սիսիան-Քաջարան հատվածում կկառուցվի 27 կամուրջ և 9 թունել

Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1,5-2 ժամով կկրճատի իր ժամանակահատվածը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ կառուցել, 12,5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը՝ 8,6 կմ: Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1,5-2 ժամով կկրճատի իր ժամանակահատվածը: Հիմա 50 կմ/ժ է միջին արագությունը, կդառնա 100 կմ/ժ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 7-ի նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Այս ճանապարհը կառուցելիս, ըստ նախարարի, առաջին անգամ Հայաստանում կկիրառվեն կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը:

«Ծրագիրը 3 մասից է բաղկացած. հյուսիսային հատված՝ 27 կմ, հարավային հատված՝ 24,2, Բարբուշատի թունել՝ 8,6 կմ:

Ծրագրի շրջանակներում արդեն ամիսներ առաջ նման որոշում կայացրել ենք, հավանություն տվել ենք, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 236 մլն եվրոյի համաձայնագիրը կնքվել է, և հիմա ԱԺ-ում է: Սա երկրորդն է մյուս գործընկերոջ հետ՝ Եվրոպական ներդրումային բանկի. նորից 236 դոլարի մասին է խոսքը:

Նաև ունենք երրորդ գործընկերը՝ Ասիական զարգացման բանկը, որի հետ ընթացքի մեջ է, և առաջիկա ամիսներին նույն պրոցեսով կանցնենք:

Ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ Կառավարության մասնաբաժինը՝ 150 մլն եվրո»,- ասաց նախարարը:

ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նաև ծրագրի դրամաշնորհային մասը: Ըստ Սանոսյանի՝ նախատեսվում է մինչև 2031 թվականն իրականացնել շինարարություն, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը 2033 թվականն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print